Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 27-03-2014
Թատրոնի միջազգային օրը Հայաստանում
Այսօր թատրոնի միջազգային օրն է:
Թատրոնի միջազգային օրը 1961 թ-ին հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: «Թատրոնը Հայաստանում տարիներ շարունակ բարձունքի վրա է եղել: Պատահական չէ, որ այս օրը Թատերական գործիչների միության կողմից կազմակերպվում են մրցանակաբաշխություններ, տարվա որոշ ներկայացումներ գնահատականների են արժանանում…» Այս մասին այսօր` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը: Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ այդ ոլորտի ձեռքբերումների, ինչպես նաեւ խնդիրների մասին խոսելու էր եկել նաեւ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Նա փաստեց, որ ժամանակակից թատրոնը պահանջում է բազմաթիվ թատերական մասնագիտությունների տիրապետող մարդկանց. «Ժամանակակից դերասանը պետք է կարողանա ամեն ինչ` ե՛ւ տիկնիկային ներկայացումներ, ե՛ւ մնջախաղ, ե՛ւ մարմնի պլաստիկան պետք է լավ լինի, հետաքրքիր գաղափարներ իմանա, միշտ ձեռքը պահի հասարակության զարկերակի վրա»: Անդրադառնալով հայկական թատրոնի ոլորտում առկա խնդիրներին` բանախոսը նշեց, որ մեր թատրոնը կառուցվածքային տեսակետից տեղում դոփում է. «Փոխվել են համակարգը, ֆինանսավորումը, իսկ կառուցվածքը մնացել է խորհրդային կարծրացած գործող մեխանիզմը, որն իրականում չի գործում, ճահճանում է: Թատրոնում կան դերասաններ, որ տարեկան մեկ-երկու անգամ են բեմ դուրս գալիս»: Հրաչուհի Ալմաստյան